Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: Համաներում հայտարարվել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ:

Խորհրդարանում այս հարցով գլխադասային հանձնաժողովը ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն է: Նախագիծը պետք է քննարկվի ԱԺ-ում:

Համաներման կիրառման շրջանակները

1. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել`

. առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց.

. այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

. ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:

2. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`

. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.

. սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց.

. սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց.

. սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց.

. 60 տարին լրացած անձանց.

. հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.

Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատվում են նաև նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են` առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկմանև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը.

Կամ դատապարտվել են առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:

5. Քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել 2018թ-ի հոկտեմբերի 1-ը ներառյալ կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը որոնցով՝

. անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.

. սույն հոդվածի 2-րդ մասի 1-8-րդ կետերով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.

. անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.

. անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

Համաներում հայտարարելու արդյունքում պատժից ազատվում են նաև «Սասնա ծռերը».

2016թ-ի հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015թ-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցել, հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:

Նշվածը չի տարածվում նույն կետում նկարագրված իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան: