Մինչ Հայաստանում ցանքատարածությունների մակերեսը տարեցտարի նվազում է, Արցախում ավելանում է։ Գյուղոլորտի պատասխանատուներն իրենց առաջ նպատակ են դրել՝ անմշակ հող չթողնել, երկիրն էլ պտուղ-բանջարեղենի առումով ինքնաբավ դարձնել։ Հող մշակելը խթանելուն ուղղված պետական ծրագրեր են իրականացվում։ Նաև դրանց արդյունքում է, որ Արցախում այսօր մշակվում են հողերի 70 տոկոսը։

«Օրինակ այս տարի, նախորդ տարվա համեմատ 20 հազար հա-ով ավելացել են աշնանացան ցանքատարածությունները։ Եթե 5-10 տարի առաջ մեր վարելահողերի շուրջ կեսը չէր մշակվում, ապա այս պահի դրությամբ ավելի քան 70 տոկոսը մշակվում է», - լրագրողի հետ զրույցում ասաց Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ասատրյանը։

Հողօգտագործողներին պետությունը մի քանի ձևով է խրախուսում և աջակցում, օրինակ տրամադրում է անվճար սերմեր, հանքային պարարտանյութեր, բանջարեղենի մշակությամբ զբաղվողներին մեկ հա-ի համար անհատույց տրամադրում են 200 հազար դրամ գումար։ Վերջին ծրագիրը մեկնարկել է 2016թ-ից, առաջին տարում ծրագրից օգտվել է 500-600 մարդ, այս տարի այն արդեն 1000 շահառու ունի։

Այս տարվա ցուցանիշներից նախարարությունում գոհ չեն, բավարար են գնահատում, կարկտահարության դեպքերը շատ էին, ուժեղ քամիներն ու երաշտն էլ իրենց սև գործն արեցին։

«Հիմնականում տուժեցին հացահատակային մշակաբույսերը։ Բնական աղետներից վնասվել են մոտ 14-15 հազար հա գյուղատնտեսական նշանակության տարածքներ, որից շուրջ 13 հազար հա-ն հացահատիկային մշակաբույսերն են, դրանից 9 հազար հա-ն բերքահավաքի ենթակա չէր։ Հաշվի առնելով վնասների թիվն ու բերքի ծավալը, համարում եմ ցուցանիշները բավարար, հավաքվել է շուրջ 82 հազար տոննա ցորեն, միջին բերքատվությունը մեկ հա-ից կազմել է 22 ցենտներ, նախորդ տարվա համեմատ ցորենի բերքը շատ է, բայց բերքատվությունը՝ ցածր»,- մանրամասնեց Ավետիսյանը։

Այս տարի հավաքած հացահատիկն էլ բավարարում է, որ Արցախը ոչ ցորեն, ոչ գարի ներկրի, ավելին՝ այս տարի էլ Հայաստան մոտ 20 հազար տոննա հացահատիկ են արտահանել։ Բնական աղետների հետևանքները նվազեցնելու համար մտադիր են կամաց-կամաց անցնել կարկտապաշտան ցանցերի կիրառմանը։

Բացի ավանդական մշակաբույսերից ու պտուղ-բանջարեղենից Արցախում անընդհատ նոր բույսեր, ծառեր են փորձում աճեցնել՝ ձիթապտուղ, կտավատ, կիվի, որը բավականին լավ է աճում հատկապես Հադրութում, Մարտակերտում, Ասկերանում։ Կտավատն ու արևածաղիկը Ստեփանակերտում վերամշակում են ու ստանում «Ոսկե կաթիլ» անունով ձեթը, բուսական յուղի պահանջարկը բավականին մեծ է, տեղական շուկայում արագ սպառվում է, մտադիր են արտադրության ծավալներն ավելացնել։

Այնտեղ հիմա նռան բերքահավաքի ակտիվ սեզոնն է, 350 հա-ում արդեն բերքահավաք է իրականացվել, մոտ 1000 տոննա բերք են ստացել։ Նախորդ տարի Արցախում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր 200 հա նռան այգի հիմնելու մտադրության մասին։ Այդ մասին Կարապետյանը նշել է․

«Տեղեկություն չունեմ, ճիշտն ասած։ Բայց ընդհանուր առմամբ նախորդ տարվա համեմատ Արցախում նռան այգիներն ավելացել են շուրջ 100 հա-ով՝ կազմելով 1360 հա։ Դրանից 790 հա-ն բերքատու է։ Անցած տարի հավաքել են 3000 տոննա նուռ»,- ասաց նախարարության պաշտոնյան։

Նուռն աճում է հիմնականում հինգ շրջանում՝ Ասկերանում (637 հա), Հադրութում (45 հա), Մարտակերտում (197 հա), Քաշաթաղում (315 հա) ու Մարտունիում (166 հա)։ Անցած տարվա բերքի մեծ մասը սպառվել է տեղական շուկայում, արտահանել են Հայաստան ու այլ երկրներ։ Նռան այգիներ ունեն թե խոշոր ֆերմերները, թե անհատ գյուղատնտեսները, այգիների մակերեսը սկսում է 8 հա-ից հասնում մինչև ավելի քան 100 հա-ի։

Արցախում, ինչպես Հայաստանում լոլիկն է քչություն անում, իրենք էլ ներկրում են։

«Ինքնաբավության մակարդակը բարձրացնելու ենք, հասնելու ենք նրան, որ անմշակ հող չլինի։ Առաջիկայում կվերլուծենք մեր իրականացրած ծրագրերը, վերլուծությունների արդյունքների հիման վրա կկազմենք հաջորդ տարվա ծրագրերը և դրանց համաձայն կշարունակենք աշխատանքը։ Գյուղատնտեսությունը բավականին եկամտաբեր է, եթե ճիշտ ու գրագետ կազմակերպեն աշխատանքը։ Արցախում տարեցտարի գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի գրավիչ է դառնում»,-ասաց փոխնախարարը։