Նախօրեին մեկնարկել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 10-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնի բացմանը, ի պատիվ հայկական անիմացիայի 80-ամյա պատմության, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է եկել «Անիմացիայի սրտի զարկերը» խորագիրը կրող համերգով. հնչել են հայկական անիմացիոն ֆիլմերի երաժշտությունները՝ դասական ձևաչափով: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, համերգի աջակիցներն են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակությունը՝ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակում:

Փառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից։ Շուրջ 400 ֆիլմ, այդ թվում՝ 8 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։

Փառատոնի շրջանակում կանցկացվի Աննեսիի «Animation du Monde 2018» նախագիծը: Ծրագրի նպատակն է խթանել անիմացիայի զարգացումը և հնարավորություն տալ երիտասարդ անիմատորներին դուրս գալ միջազգային հարթակ: Մրցութային կարգով ընտրված լավագույն ֆիլմի հեղինակը կստանա բացառիկ հնարավորություն ուղևորվելու Ֆրանսիա՝ ներկայացնելու իր ֆիլմը ներդրողներին և պրոդյուսերական կենտրոններին՝ ֆինանսավորում ստանալու նպատակով:

Փառատոնը կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ հյուրերի։ Նրանք ոչ միայն կգնահատեն ցուցադրվող ֆիլմերը, այլև վարպետության դասեր կանցկացնեն երիտասարդ անիմատորների համար։

Փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը: