Արցախի Ազգային ժողովը Արցախի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել Արտակ Բեգլարյանին: Նա ընտրվել է միաձայն՝ 29 կողմ, 0 դեմ ձայներով: Այդ մասին հայտնել է ինքը Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ իր համար պատիվ է այդ պատասխանատու գործառույթը ստանձնել, որը կատարելու է ամենայն պատասխանատվությամբ:

Արտակ Բեգլարյանին առաջադրել էր Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել էր.

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նա ունի փորձ, աշխարհի լավագույն կրթական հաստատություններում ստացել է բարձրորակ կրթություն, տիրապետում է մի քանի լեզուների և վերջապես ունի մարդկային շատ լավ արժանիքներ, որոնք, համոզված եմ, այդ պաշտոնում լավագույնս կծառայեցվեն ի շահ մեր քաղաքացիների և մեր հանրապետության»

Արտակ Բեգլարյանը 2010-2011թ-ին սովորել է բիզնեսի կառավարում Հունաստանի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտում, 2011-2012թթ-ին՝ Լոնդոնի Համալսարանական քոլեջի Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ մագիստրատուրայում, 2013թ-ին «Տավիտյան» կրթաթոշակով ուսանել է «Հանրային կառավարում և վարչարարություն» Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ Թաֆթս համալսարան, ԱՄՆ:

2012-2013թ-ին եղել է Արցախի վարչապետի օգնականը, 2014-2017թ-ին դասավանդել է Արցախի պետական համալսարանում, 2013 -2017թ-ին Արցախի վարչապետի մամուլի քարտուղարն է եղել, 2017թ-ի նոյեմբերի 1-ից՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի որոշմամբ՝ նշանակվել է պետական նախարարի խորհրդական: 2018թ-ի փետրվարի 1-ից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար:

1995թ-ին ականի պայթյունից կորցրել է տեսողությունը: