Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները հոկտեմբերի 30-ի երեկոյան Սիրիայի Թել-Աբյադի քաղաքի մերձակայքում զինված բախում են ունեցել քուրդ զինյալների հետ։ Բախումը տեղի է ունեցել թուրք զինվորների և Թուրքիայում ահաբեկչական խմբավորման համբավ ունեցող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) սիրիական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) խմբավորման զինյալների միջև։

Թուրքական կողմը ծանր հարվածներ է հասցրել Սիրիայի հետ սահմանին գտնվող Աքչաքալե սահմանային անցակետի դիմաց տեղակայված YPG-ի դիրքերին։ Պատասխան կրակը չի ուշացել։ Բախման հետևանքով Թել-Աբյադում տեղակայված ինքնապաշտպանական միավորներից մեկ մարդ զոհվել, մեկը վիրավորվել է։ Թուրքիայի զինված ուժերը սահմանին տագնապի ռեժիմ են հայտարարել։

Թել-Աբյադում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի զինվորները փորձել են միջնորդի դեր կատարել Թուրքիայի և YPG-ի միջև՝ իրավիճակը հարթելու նպատակով։ Ներկայումս կրակը դադարեցվել է, սակայն սահմանին նկատելի ակտիվությունը պահպանվում է։

Թուրքիան, որը ցանկություն ունի նոր գործողություն սկսել Եփրատի արևելքում տեղակայված YPG-ի դեմ, երկու օր առաջ գնդակոծել էր նաև այս խմբավորման՝ Սիրիայի Քոբանի քաղաքում գտնվող դիրքերը։