Այսօր ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստում Ազգային ժողովը կքննարկի վարչապետի ընտրության հարցը: Այդ մասին խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը տեղեկացրել է նախօրեին տարածած հայտարարության մեջ։

«Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների, ինչպես նաև Հանրապետական խմբակցությունից հեռացած պատգամավորները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ կրկին չընտրվելու պայմանով:

Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է: Եթե անակնկալներ չլինեն, և երկրորդ անգամ էլ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Մինչ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի և կքվեարկի համաներման մասին օրինագիծը, որը նախօրեին միաձայն ընդունվեց առաջին ընթերցմամբ: