Հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018թ-ի նոյեմբեր ամսվա վերջից: Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հին թղթադրամները կշարունակեն մնալ շրջանառության մեջ:

Ըստ Կբեյանի, թղթադրամների՝ պաշտոնապես շրջանառության մեջ դրվելու օրը կհստակեցվի ԿԲ առաջիկա խորհրդի նիստերից մեկի ընթացքում:

2017թ-ի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10․000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100․000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի: