2018թ-ին Հայաստանում մալարիայի բերովի 6 դեպք է գրանցել: Առողջապահության նախարարությունը մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից ժամանած անձանց հորդորում է իրականացնել արյան լաբորատոր հետազոտություն:

2006թ-ից Հայաստանում արձանագրվել են մալարիայի միայն եզակի բերովի դեպքեր: 2018թ-ին Հայաստանում գրանցված բերովի 6 դեպքից 5-ը աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ է հայտնաբերվել, 1-ը՝ Հնդկաստանի քաղաքացու մոտ։ Հիվանդները հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, ստացել բուժում։ Արձանագրված մալարիայի բերովի 6 դեպքի առնչությամբ իրականացվել են համաճարակաբանական և միջատաբանական հետազոտություններ։

Մալարիայի տարածումը պայմանավորված է Անոֆելես ցեղի մոծակներով, որոնք տարածված են նաև Հայաստանում։ Վարակը փոխանցվում է միայն մոծակի խայթելու միջոցով: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային և շփման եղանակով, ուստի անմիջական շփման ժամանակ վտանգավոր չէ շրջապատող մարդկանց համար:

Ներկա փուլում մալարիայի համաճարակաբանական հսկողության հիմնական խնդիրը մալարիայի համաճարակային բարվոք իրավիճակի պահպանումն է՝ բերովի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման միջոցով: Այդ նպատակով, առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացնել հսկողությունը մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից ժամանած անձանց նկատմամբ՝ բերովի դեպքերից մալարիայի տեղական դեպքերի առաջացումը և մալարիայի կրկին արմատավորումը ՀՀ տարածքում բացառելու նպատակով։

Մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից ժամանած անձանց հորդորում ենք իրականացնել արյան լաբորատոր հետազոտություն: Մալարիայի հետազոտությունները կարող են իրականացվել բոլոր կլինիկախտորոշիչ լաբորատորիաներում՝ կիրառելով արյան հաստ կաթիլի և քսուքի հետազոտմանմեթոդը, նմուշառումը՝ մատից։Հետագայում պատրաստուկները հսկողական հետազոտության են ենթարկվում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծաբանական լաբորատորիայում:

1994թ-ից Հայաստանում սկսել են արձանագրվել «եռօրա մալարիայի» դեպքեր, որոնք շարունակվել են մինչև 2005թ: Համակարգված պայքարի շնորհիվ 2006-ից Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել և 2011թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:

Աշխարհի բազմաթիվ երկրների համար մալարիան շարունակում է մնալ հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: Թեև 2000թ-ից մալարիայի հիվանդացությունն աշխարհում զգալիորեն նվազել է, ներկայումս էլ տարեկան շուրջ 500 հազար մարդ մահանում է այս հիվանդությունից: