63 տարեկան հասակում մահացել է ծանրորդ, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Յուրի Վարդանյանը։

Լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանն աշխարհի 7-ակի, Եվրոպայի հնգակի և Մոսկվայի օլիմպիական խաղերի չեմպիոն էր։

Յուրի Վարդանյանը ծնվել է 1956թ-ի հունիսի 13-ին։ 1977թ-ին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1980թ-ին ավարտել է Լենինականի Մանկավարժական Ինստիտուտը։

1978-1981թթ-ին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985թ-ին սահմանել աշխարհի 43 ռեկորդ։ 1980թ-ին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 1980թ-ին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ 1985թ-ին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ։

1991թ-ին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարականան գործունեությամբ։ Նա մարզել է իր տղային` Նորայր Վարդանյանին, ով 2008թ-ին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։

2009թ-ին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013թ-ի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

2014թ-ի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։