Քիչ առաջ ավարտվեց ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստը, որին հրավիրված էր նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավոր Վաչե Մարգարյանը: Վերջինս նիստից հետո հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ ասելով, թե նախկինում իր արած հայտարարությունն ուժի մեջ է: Հիշեցնենք, որ դատավորը հայտարարությամբ էր հանդես եկել՝ վստահեցնելով, որ երբևէ չի զանգահարել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը լրագրողներին հավաստիացրեց՝ գաղտնալսված խոսակցությանն առնչվող բոլոր պաշտոնյաները հրավիրվելու են հանձնաժողովի նիստին:

«Բոլոր պաշտոնյաները, ովքեր առնչություն ունեն ձայնագրության հետ, ովքեր առնչություն ունեն ոչ միայն ձայնագրության փաստի կապակցությամբ, այլ հնարավոր արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանգամանքի հետ, բոլորն անխտիր հրավիրվելու են: Մեզանից որևէ մեկը բովանդակության մասին չի խոսելու և չի կարող խոսել, որովհետև բովանդակություն հրապարակելը օրենքի կոպիտ խախտում է և պատասխանատվություն է առաջացնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դատավոր Վաչե Մարգարյանին, արդյոք հանձնաժողովը ստացե՞լ է հարցերի պատասխանները, Կոստանյանը դրական պատասխան տվեց:

«Ձեզ հետևյալը ասեմ՝ նկատի ունեցեք, որ հրավիրյալ անձի բացատրությունն ինքնին դեռևս սպառիչ է, երբ դատավորին հրավիրում ես, նա ներկայացնում է համապատասխան հարցերի պատասխաններ, քննության այլ փուլում այլ անձանց բացատրությունների հիման վրա հնարավոր է, որ նույն անձին հրավիրես մի քանի անգամ: Այս պահին դատավորին առնչվող հարցերի պատասխանները սպառիչ ստացանք, բայց դա չի նշանակում, որ դրանով ավարտվեց դատավորի հետ կապված գործընթացը»,- ասաց նա:

Գևորգ Կոստանյանը չհստակեցրեց, թե հաջորդն ով է հրավիրվելու հանձնաժողովի նիստին:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունը, համաձայն որի` «դատավոր Հրաչը զանգահարել է ԱԱԾ տնօրենին Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ ասել է՝ ուզես-չուզես, կալանքը պետք է տաս»: