Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Երևանը առայժմ չի արձագանքել առաջարկին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով իր քաջատեղյակ աղբյուրը:

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանում այս պահին երեք Հայաստանի քաղաքացիներ են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելով պատերազմական հանցագործությունների մեջ: Նրանք Ադրբեջանում երկարատև ազատազրկման են դատապարտված:

Հայկական կողմում ևս երեք ադրբեջանցի է պահվում: Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերով ձերբակալվել են 2014թ-ին՝ Արցախի տարածքում: Արցախի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցանքներում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության մեջ։ Հայկական կողմում գտնվող երրորդ ադրբեջանցին Էլնուր Հուսեյնզադեն է, նա ձերբակալվել է անցյալ տարի Արցախի Թալիշ գյուղի ուղղությամբ: Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ 1995թ-ին ծնված Հուսեյնզադեն ադրբեջանական բանակի զինծառայող է և ձերբակալվել է դիվերսիայի պահին:

Գաղտնի մնալու սկզբունքով ռուսաստանյան առաջատար գործակալության հետ զրուցած աղբյուրը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գերիների փոխանակման փորձ ունեն դեռևս 1996թ-ից, երբ պատերազմի ավարտից շուրջ երկու տարի անց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը մի քանի հայաստանցիների փոխանակել է Հայաստանում պահվող ադրբեջանցի գերիների հետ: «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է փոխանակման այդ սկզբունքը կիրառել նաև ապագայում:

Պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը առայժմ չեն արձագանքել գերիների փոխանակման շուրջ խոսակցություններին: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն, հայտարարել է, թե հակամարտության կողմերի միջև «վստահության որոշակի էլեմենտներ են մշակվում»՝ առանց փակագծեր բացելու:

Այսօր ղարաբաղյան հակամարտության թեմային է անդրադարձել դրա կարգավորման միջնորդներից Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ համատեղ ասուլիսին հնչած սակավաթիվ հարցերից մեկը վերաբերում էր հենց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ զարգացումներին: Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունը ղարաբաղյան հակամարտության հարցով շփումները ակտիվացնելու շուրջ, սակայն այդ հարցով լրջորեն զբաղվելը հազիվ թե հնարավոր լինի մինչև հայաստանյան ներքաղաքական «բուռն գործընթացների» ավարտը:

«Մենք ողջունում ենք նման պայմանավորվածությունը, թեև, իհարկե, հասկանում ենք, որ քանի դեռ Հայաստանում ներքաղաքական բավական բուռն գործընթացները չեն ավարտվել, դժվար թե հնարավոր լինի ստեղծված ճգնաժամից դուրս գալու ու ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորումն ապահովող կոնկրետ տարբերակների լուրջ դիտարկումը», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ռուսաստանի արտգործնախարարը նաև մեկնաբանել էՀայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը» հայտարարությունը, ընդգծելով, որ դա հնարավոր է միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում:

«Սա մի հարց է, որը պետք է լուծեն հակամարտության կողմերը։ Անշուշտ, ելնում ենք նրանից, որ Երևանն իր բանակցային դիրքորոշումներում հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները, սակայն ներկայիս երկկողմ ձևաչափը փոխելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։ Որքանով տեղյակ ենք՝ նման համաձայնություն չկա»,- ասել է Լավրովը:

«Անկեղծ ասած՝ ես նախապայմաններ առաջ չէի քաշի ղարաբաղյան հակամարտության էական հարցը դիտարկելուց առաջ», - հայտարարել ՌԴ արտգործնախարարը: