Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում կայացվեց: Թեև նա հասցրել է փախչել երկրից, այնուամենայնիվ, ուշացումով ՀՔԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել գործով ապացույցներ կեղծելու համար: Ներկայացնենք Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Հարությունյանի կալանքի որոշման կայացման մանրամասները:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցած տեղեկությունների համաձայն` երբ ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանին կալանավորեն, միջնորդությունն ի սկզբանե պետք է քններ դատավոր Ռոբերտ Պապոյանը:

Վերջինս ինքնաբացարկ է հայտնել՝ ասելով, որ չի կարող քննել այդ միջնորդությունը, քանի որ Վ. Հարությունյանն իր մտերիմ ընկերն է, համակուրսեցին: Եվ այդպես, դատավորների մի հսկայական խումբ խուսափել է Վահագն Հարությունյանի գործի քննությունից: Արդյունքում գտնվել է միայն մեկ դատավոր՝ Աննա Դանիբեկյանը, ով քննեց և Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: