Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու նորակառույց եկեղեցու տարածքում բակի բարեկարգման աշխատանքների ժամանակ բացվել է սալահատակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, 19-րդ դարում այնտեղ տեղակայված ցարական բանակի զորամասին է պատկանում:

Այս մասին ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը՝ մանրամասնելով, որ սալահատակի հայտնաբերման վայրում տեղակայված զինվորական զորամասի շինություններն ավերվել են պատերազմական հրետակոծությունից: Հայտնում է «Արցախպրեսս»-ը։

«19-րդ դարի 80-ական թթ-ին տարածքում եղել է ցարական բանակի կազակական զորանոցը: Հետագայում շինությունն օգտագործվել է խորհրդային բանակի կողմից և նորից ծառայել որպես զորանոց: Մինչև 1992թ-ն այդ շենքը կանգուն էր:

1992թ-ին ռազմական գործողությունների ժամանակ շենքը վառվել է, իսկ ավերակները մնացել կանգուն մինչև 1997թ: Ըստ ուսումնասիրությունների՝ այստեղ երկհարկ քարե շինություն է եղել: Զորանոցն ունեցել է բավական մեծ ուղղանկյուն հատակագիծ: Հատակագծին նայելիս երևում է նաև աղյուսաշեն կառույցը: Սալահատակը կրաքարից է:

Փորձագիտական հանձնաժողովը պետք է գտածոյին հուշարձանի կարգավիճակ տա, որից հետո կորոշվի հետագա ճակատագիրը: Այն պահպանվելու է և բարեկարգված վիճակով ներգրավվելու է բակի տարածքի ընդհանուր տեսքի մեջ՝ որպես հնություն: Դժբախտաբար այսօր Ստեփանակերտ քաղաքում նման հին ժամանակաշրջանի կառույցներ չունենք: Այդ առումով սա բացառիկ երևույթ է»,- ավելացրել է Ա. Հայրապետյանը: