ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզաբանել է, թե ով կարող է հավակնել ԱԺ պատգամավորի առաջադրմանը՝ ներկայացնելով առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու կարգը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեսյբուքյան էջում:

«Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

1. 2018թ-ի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին,

2. դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 և ավելի օր բացակայած չլինի Հայաստանից,

3. դիմում տալու դրությամբ վերջին չորս տարին հանդիսացած լինի միայն Հայաստանի քաղաքացի:

731 և ավելի օր բացակայությունը հարգելի է, եթե.

1) անձը հանրային ծառայող լինելով արտերկրում գտնվել է ծառայողական նպատակներով,

2) արտերկրում գտնվել է բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության նպատակով»,- ասվում է գրառման մեջ։

Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018թ-ի դեկտեմբերի 9-ին: