«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվի․ առաջին ատյանի դատարանը մերժել է քննիչի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին հայտնել է Արա Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը, փոխանցում է news.am-ը։

«Խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննելու նիստը երեկ էր սկսվել, այսօր շարունակվեց և դատարանը որոշում կայացրեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Մենք մինչ այդ ներկայացրել էինք բոլոր առարկությունները, որ բացակայում են կալանքի կիրառման պայմանները, մասնավորապես, հիմնավոր կասկածը բացակայում է, բացակայում են նաև կալանքի կիրառման հիմքերը, այսինքն՝ միջնորդությունը ենթակա է մերժման»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ դատական ակտի պատճառաբանական մասը դեռ չեն ստացել:

Փաստաբանը հավելել է, որ Արա Մինասյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, նույնիսկ հիմնավոր կասկածն է բացակայում, այսինքն՝ նրա առնչությունն առաջադրված մեղադրանքին:

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն նոյեմբերի 2-ին որոշում էր կայացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ չարաշահումների իրականացմանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական» կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենի առնչության վերաբերյալ։

Նախաքննության ներկա փուլում հանցագործությամբ առերևույթ պատճառված վնասի չափը կազմում է 426.343.650 ՀՀ դրամ։

Որոշում է կայացվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: