Գերմանական «Շպիգել» հանդեսը և «MDR» հեռուստաընկերությունը աղմկահարույց հետաքննություն են հրապարակել Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումների մասին:

Լրագրողները տեղեկացել են, որ դաշնային քրեական ոստիկանությունը (BKA) և 6 երկրամասերի քրեական ոստիկանները (LKA) իրականացրել են գաղտնի հատուկ գործողություն, որը կոչվել է «FATIL» (Fight against thieves in law - պայքար «օրենքով գողերի» դեմ): Ոստիկաններին աջակցել են նաև Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն (BND) ու Եվրոպոլը: Ինչպես ասվում է լրագրողական հետաքննության մեջ, այս գործողության շրջանակներում իրավապահները փորձել են բռնել հայկական մաֆիայի անդամներին, բայց առանձնապես հաջողության չեն հասել: Ըստ հրապարակման՝ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները կառավարվում են «օրենքով գողերի» կողմից, ովքեր ռուսաստանյան-եվրասիական հանցավոր շրջանակներից են:

Հայերով ոստիկանները սկսել են հետաքրքրվել 2014 թ. հուլիսին Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտում տեղի ունեցած միջադեպից հետո: Երկու հանցավոր կլանների միջև գիշերային փոխհրաձգությունից միայն 3 տարի անց Էրֆուրտի դատարանը կրակողներից մեկին դատապարտել է մի քանի տարվա ազատազրկման, իսկ չորս հոգու պայմանական բաց է թողել: Այս միջադեպից հետո բախումները հայկական խմբավորումների մեջ շարունակվել են՝ հարձակում հայի պատկանող ռեստորանի վրա, ծեծկռտուք և այլն: Քննիչներից մեկը լրագրողներին պատմել է, որ հայկական խմբավորումներն աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ:

Էրֆուրտի կրակոցներից հետո 14 քրեական գործ էր բացվել 42 հոգու դեմ, որոնք կասկածվում էին ֆինանսական մեքենայությունների մեջ: «Շպիգելի» փոխանցմամբ՝ դաշնային քրեական ոստիկանները նշել են, որ իրենց երկրում «իսկապես գոյություն ունի» հայկական մաֆիա: Վերջինս, ըստ իրավապահների, ռուսաստանյան-եվրասիական շրջանակների պես «էական ֆինանսական» ռեսուրսների է տիրապետում եւ կարող է «սպառնալ իրավական պետության հիմքերին»: Այդուհանդերձ, իրավապահներն առայժմ բավականաչափ ապացույցներ չեն կարողանում գտնել, ինչը հիմք կդառնա մեղադրանք առաջադրելու համար:

Էրֆուրտյան միջադեպի մեջ ոստիկանները կասկածել են նաև Գերմանիայում բնակվող հայտնի հայ բռնցքամարտիկ Կարո Մուրատին, ով սակայն հերքել է իր մասնակցությունը՝ նշելով, որ այդ ժամանակ եղել է Բեռլինում: Նրա եղբայրը՝ Կոկո Մուրատը, հայտնել է, թե տեսախցիկների նկարահանած կադրերում երևում է ինքը, սակայն միջադեպի վայրում հայտնվել է պատահաբար: Ոստիկանները չեն կարողացել եղբայրների դեմ բավարար ապացույցներ գտնել:

Գերմանացի իրավապահները մաֆիայի հետ կապ ունենալու առումով որոշակի կասկածներ են ունեցել ևս մեկ աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկի՝ այդ երկրում բնակվող Արթուր Աբրահամի հանդեպ: Աբրահամը, ըստ «Շպիգելի», իրեն ուղղված մեծաթիվ հարցերին չի պատասխանել:

Հետաքրքիր է, որ գերմանացի իրավապահներին հայկական մաֆիայի դեմ պայքարում օգնություն է առաջարկել 2015թ-ից այդ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը (սա, ըստ գերմանացի լրագրողների, տեղի է ունեցել այս տարվա մարտին, երբ դեսպանը հանդիպել է Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերին), սակայն դաշնային քրեական ոստիկանությունը իր գործընկերներին խորհուրդ է տվել չհամագործակցել հայկական կողմի հետ, քանզի նրանք կասկած են ունեցել, որ հայկական իշխանությունները կապված են «օրենքով գողերի» հետ:

Պարզվում է՝ Ա. Սմբատյանի հանդեպ նույնպես որոշակի կասկածներ են եղել: Մասնավորապես, դաշնային հետախուզությունը 2008թ-ին գաղտնի թղթապանակում նշել է, որ Սմբատյանը կասկածվում է «օրենքով գող» և մաֆիայի պարագլուխ լինելու մեջ: Հավելենք, որ 1997-2008թթ. Սմբատյանը եղել է ՀՀ դեսպանության գրասենյակի վարիչ: Այդուհանդերձ, դաշնային քրեական ոստիկանությունը չի կարողացել հաստատել հետախուզական ծառայության 2008թ. տեղեկությունը Սմբատյանի դեմ: Նշվում է նաև, որ նա Ինտերպոլով որպես այդպիսին չի անցել: Սակայն Սմբատյանի հանդեպ գերմանացի իրավապահների հետաքրքրությունը պարբերական բնույթ է կրել. 2005թ-ին Բեռլինի դատախազությունը նրան կասկածել է փողերի լվացման մեջ, բայց ապացույցները կրկին անբավարար են եղել:

Ինքը՝ դիվանագետը, լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշել է, որ նման մեղադրանքները բամբասանքներ են, իսկ իր «օրենքով գող» լինելու մասին պնդումը՝ անհեթեթյուն:

Քրեական ոստիկանության «FATIL» գործողությունը ավարտվել է, ամփոփիչ փաստաթղթում նշվում է, որ քրեական հեղինակությունները և «օրենքով գողերը», ըստ էության, սփռված են ողջ Եվրոպայում և փոխկապակցված են միմյանց: Նրանց դեմ պայքարելու համար, ըստ գերմանացի իրավապահների, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել համաեվրոպական մակարդակով: