Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է լուծվել արդեն նոյեմբերի 8-ին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որն անցնելու է Աստանայում: «Կոմերսանտը» գրում է, որ պաշտոնը պահպանելու ՀՀ շանսերը մեծ են:

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:

Ըստ ՀԱՊԿ կանոնակարգի գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարով: ՀՀ ներկայացուցիչ Խաչատուրովը գլխավորում էր կազմակերպությունը 2017թ-ի ապրիլից, ուստի Երևանը հուսով է, որ կպահպանի պաշտոնը կազմակերպությունում և այլ թեկնածու կառաջադրի հետ կանչված Խաչատուրովի փոխարեն:

Ինչպես նշել են «Կոմերսանտին» ՀԱՊԿ անդամ 6 պետություններից 3-ի ներկայացուցիչները, շանսերը, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը ևս Հայաստանից կլինի, բարձր չեն:

Ըստ պարբերականի զրուցակիցների, թեև իրոք ՀԱՊԿ կանոնադրությունը 3-ամյա ժամկետ է սահմանում գլխավոր քարտուղարի համար, այնտեղ, այնուամենայնիվ, ոչ մի բառ չի ասվում, որ գլխավոր քարտուղարին ժամկետից շուտ հետ կանչելու դեպքում նրա տեղը պարտադիր նույն երկրի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի: Վերջին ամիսներին այդ հարցը քննարկվում է և հայկական կողմի հետ և ՀԱՊԿ ներսում, գրում է թերթը:

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանն ունի թեկնածուներ ՀԱՊԿ գլխավոր քարտողարի պաշտոնում առաջադրելու համար:

«Հայաստանը կարողացավ պահպանել առաջադրման իրավունքը: Դա հիմա օրակարգում է: Թեկնածուներ Հայաստանը ունի, որոնք, մեր գնահատմամբ, կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն, նորմալ աշխատանքը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Ինչպես ակնկալվում է, վեճերին վերջ կդրվի նոյեմբերի 8-ին, երբ անդամ երկրների ղեկավարները կհավաքվեն Աստանայում: Մինչ այդ կհանդիպեն կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները՝ ըստ կանոնադրության, անդամ պետությունների ղեկավարները հաստատում են գլխավոր քարտուղարին կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ:

«Հնարավոր է, գլխավոր քարտուղարի հարցը քննարկվի Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Ըստ պարբերականի աղբյուրների, եթե անդամ երկրների նախագահները որոշեն նոր գլխավոր քարտուղար նշանակել, ապա նա միանգամից կնշանակվի 3 տարով:

«Կոմերսանտի» զրուցակիցները հրաժարվել են ասել, թե որ երկրի ներկայացուցիչը կարող է գլխավորել ՀԱՊԿ-ը՝ նշելով, որ ամեն ինչ կախված է անդամ երկրների ղեկավարների որոշումից: Եթե պահպանվի ռոտացիայի սկզբունքը, ապա հաջորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձնի Բելառուսը՝ ըստ այբբենական կարգի:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008թ-ի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։