Պետությունը եկամտահարկից կազատի մինչև 2 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50% փոխհատուցումը: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Հիմք ընդունելով դայակին վճարվող օրինակ՝ 110,000 դրամ աշխատավարձը, ստացվում է, որ ծրագրի շրջանակում 55,000 դրամը սահմանված կարգով ծնողին կփոխհատուցի պետությունը: Մինչդեռ, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև 150,000 դրամի դեպքում 23% սահմանված է որպես եկամտային հարկ (արդյունքում, դայակի աշխատավարձից կհարկվի 25,300 դրամ): Արդյունքում, հաշվի առնելով նաև նպատակային սոցիալական վճարն ու դրոշմանիշային վճարը, պարզ է դառնում, որ պետությունն իրականում ավելի քիչ գումար է փաստացի հատկացնում անձին որպես աջակցություն:

Նախագծով առաջարկվում է ծրագրի շրջանակում տրվող աջակցությանը զուգահեռ նախատեսել նաև որոշակի հարկային արտոնություններ՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն տալու նպատակով, մասնավորապես՝ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 4.2-րդ մասով նախատեսված աջակցությունից օգտվող անձի երեխայի խնամքի հետ կապված՝ ֆիզիկական անձի (դայակի) կողմից կատարվող աշխատանքները կամ մատուցվող ծառայությունները համարել նվազեցվող եկամուտներ, ինչն օրենքով ազատված է եկամտահարկից:

Նշվում է, որ դայակների կողմից կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց ստացված եկամուտներից, որպես պետական հարկ, ՀՀ պետական բյուջե գանձված գումարների վերադարձման անհրաժեշտություն կառաջանա: Մասնավորապես, ընթացիկ տարվա հուլիսի 7-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ անձանց կողմից կատարվել է մոտ 3 մլն դրամի չափով եկամտային հարկի վճարում ՀՀ պետական բյուջե, հետևաբար, նշված գումարի չափով կավելանան ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերը: