Միացյալ Նահանգներում այսօր Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, որոնց արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների տան 435 անդամներն ու Սենատի մոտ մեկ երրորդը՝ 33 պատվիրակներ:

Օրենսդիր մարմնի ապագա կազմը որոշելուց բացի, այս քվեարկությունը նաև կհուշի՝ որքանով է արդյունավետ աշխատելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնավարման վերջին երկու տարիների ընթացքում:

Հարցումները փաստում են, որ առնվազն 30 նահանգներում պայքարը ծայրահեղ թեժ է, մրցակիցները միմյանցից առաջ են անցնում մեկ կամ երկու տոկոսով՝ գրեթե անհնարին դարձնելով վերջնական արդյունքների կանխատեսումը: Մեկ բան, սակայն, այսօր հստակ է՝ առաջիկա քվեարկությունից անմիջապես հետո Ամերիկան մտնելու է շատ ավելի կարևոր ու վճռորոշ ընտրական փուլ՝ պատրաստվելով արդեն 2020թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին: