««Արաքսիս Ինժեներինգը» որևէ առնչություն չունի «Ինժեներական քաղաքի» հետ»,- երեկ նման հայտարարություն է տարածել տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը` արձագանքելով panorama.am-ի «Հանուն նախարարի բիզնեսի զարգացման ծրագիրն ու միջգերատեսչական գզվռտոցը» հրապարակմանը։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում հասանելի է Կառավարության որոշման նախագիծը։

Ըստ նախագծի, ինչպես երեկ նշվել էր, «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 21.2 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ընդ որում` ընդհանուր ծախսերի 50%-ը (մինչև 10.5 մլն ԱՄՆ դոլար) նախատեսվում է համաֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքներ» վարկային ծրագրի միջոցով, մնացած 50%-ը` «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի և կոնսորցիումի /ներառում է «Նեյշնլ Ինսթրումենթս ԷյԷմ» ընկերության կողմից ծրագրի շուրջ համախմբված 14 ինժեներական ընկերություններ/ կողմից:

«Նեյշնլ Ինսթրումենթս»-ի կայքում նշված են գործընկեր 14 հայկական ընկերությունները, որոնց թվում է, նաև ««Արաքսիս Ինժեներինգը»:

«Լրատվամիջոցներում մեջբերվող «Արաքսիս ինժեներինգ» ընկերությունը որպես շահառու ներկայացնելու փորձերը ևս բացարձակ անհիմն են, որովհետև ընկերությունը «Ինժեներական քաղաք» նախագծի հետ որևէ կապ չունի, և այս տարվա մայիսի 22-ից «Արաքսիս Ինժեներինգը» դադարեցրել է գործունեությունը»,- նշված էր նախարարության տարածած պարզաբանման մեջ:

Պարզվում է, այս պարագայում էլ տարածած տեղեկատվությունը ճիշտ չէ: Ըստ պետռեգիստրի պաշտոնական տվյալների՝ նախարարին պատկանող ընկերությունը գործում է և լուծարման մեջ չի գտնվում:

«Այսպիով՝ պարոն նախարարություն, մինչև լրատվամիջոցներին անուն կպցնելը, մինչև մեզ անհասկանալի ինչ-ինչ ֆեյքեր հիշատակելը, գոնե այնքան գործ արեք, որ երբ պատասխանում եք՝ լուծարվել է, մի հատ ստուգեք՝ բարեխիղճ լրատվամիջոցը արդյո՞ք այդ տվյալը ևս չի կարող ստուգել:

Մի չափեք ձեր արշինով՝ գործ արեք, գործ:

Նախարարի ընկերությունը չի լուծարվել: Այսպիսով՝ մեր նախորդ հարցը, որին դուք վիրավորական արձագանքներ տվեցիք, ուժի մեջ է», - գրում է Պանորամա-ն։