«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Աստանայում կայանալիք խորհրդի նիստի ընթացքում գլխավոր քարտուղարի թեկնածության հարցին, ասել է.

«Աստանայում նոյեմբերի 8-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը: Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը լուրջ մտահոգություններ առաջացրեց Մոսկվայում և ՀԱՊԿ անդամ երկրների շրջանում, քանի որ առանց նախնական պատրաստությունների՝ սկսվեց հետապնդում այս տարածաշրջանում անվտանգություն ապահովող կառույցի առաջին դեմքի նկատմամբ»:

Բայց ՀՀ իշխանությունների այդ որոշումը, նրա որակմամբ, հարված էր ՀԱՊԿ-ին, հայ-ռուսական հարաբերություններին, և առիթ հակառակորդներին՝ առաջ մղելու համար սեփական ծրագրերը:

Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների ֆոնին որոշ ուժերի կողմից հնչում են կոշտ հակառուսական հայտարարություններ:

«Այդ ամենը չի կարող չմտահոգել Ռուսաստանին, որը ՀՀ անվտանգության երաշխավորն է, սպառազինության մատակարարը: Բայց ներկայումս ՌԴ-ում հանգիստ հետևում են առաջիկա զարգացումներին և նրան, թե ինչպիսի խորհրդարան կձևավորվի, ինչպիսի ուժեր կհայտնվեն խորհրդարանում, առաջիկայում ինչ արտաքին քաղաքականություն կիրականացնեն ՀՀ իշխանությունները:

Ի վերջո, այս համագործակցությունը նման ծավալով առաջին հերթին հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը, թեև Հարավային Կովկասում ՌԴ-ն ունի հստակ քաղաքական գիծ, հետևաբար՝ ուշադիր հետևում է այն զարգացումներին, որոնք հնարավոր են: Կարծում եմ` Մոսկվան պատրաստ է ցանկացած սցենարի՝ հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, իրավիճակը լիովին կանխատեսելի չէ, բայց տագնապ ևս չկա, քանի որ Հայաստանի համար կան սպառնալիքներ, իսկ այս տարածաշրջանը ՆԱՏՕ-ին չի հետաքրքրում»,- ասել է նա»: