«Հայտարարում եմ պաշտոնական, որ «Հին Երևան» ծրագրի մեջ գտնվող ոչ մի հուշարձան չի քանդվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ նշելով, որ ասածը վերաբերում է նաև Արամի 23 հասցեում գտնվող շենք-հուշարձանին։

«Անհրաժեշտության դեպքում պետք է փոխել նախագծային որոշակի լուծումներ, որպեսզի պահպանվեն այդ շենքերը, ճարտարապետի հետ ես արդեն պայմանավորվել եմ։ Պատմական հուշարձանների քանդման թեման եկեք համարենք սպառված։ Քանի ես Երևանի գլխավոր ճարտարապետ եմ, այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու։ Այն սեփականատերերը, կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որևիցե հուշաձան, նրանք պարտավոր են ֆինանսավորել այդ հուշարձանի վերակառուցման աշխատանքները։ Սա այն է, ինչ որ չի եղել և լինելու է անպայման»,- ասաց Մեսչյանը։

Նրա խոսքով՝ գրեթե անհնար է արգելել բոլորին գնված տարածքներում չանել շինարարություն, բայց պետք է գտնել բալանսը, որ քաղաքը չտուժի:

Նա ասաց, որ հանդիպումներ է ունեցել կառուցապատողների, ճարտարապետների հետ, խնդրել՝ փոփոխություններ կատարել նախագծում, և ոչ մի ճարտարապետ մինչև այսօր չի ասել, թե հնարավոր չէ:

«Ես կարծում եմ, որ կարվի շինարարություն, բայց տրամաբանական սահմանների մեջ հարյուր տոկոսով շինարարությունը չեղարկելու հնարավորություն իմ ձեռքում չկա, ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել է, եթե ես նախկինում լինեի գլխավոր ճարտարապետը, հողհատկացում չէր արվի և կառուցապատողն էլ այդքան գումարներ չէր ծախսի՝ կենտրոնում հողատարածք ձեռք բերելու համար»,- ասաց նա։

Ճարտարապետը հայտնեց, որ վիճահարույց տարածքներում բոլոր շինարարությունները կանգնեցվել են մինչև տրամաբանական լուծման հանգելը:

«Ցանկացած կառուցապատող, հատկապես կենտրոնում, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ինչ-որ վերաբերմունք ցույց տա բնակիչներին: Ես չեմ կարծում, որ տասնյակ տարիներ լինելու եմ գլխավոր ճարտարապետ, բայց կփորձեմ հնարավորինս արագ իրականացնել ծրագրերը»,- ընդգծեց ճարտարապետը։

Նա նաև հավելեց, որ Արամի 23 հասցեում շենքի հետ կապված ժամանակավոր ամրացման տարբերակ են առաջարկել․

«Այն փրկվելի՞ք է, այո, վտանգավո՞ր է, այո: Խնդրում եմ, որ երեխաներն այդ կառույցը չմտնեն, բայց եթե ես ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, մի հայկական բառ կա՝ հանգստացեք, չի քանդվելու։ Եթե ես վերցրել եմ ճարտարապետության պատասխանատվությունը, վերջնական պատասխանը տալիս եմ ես»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև Երիտասարդական պալատի շենքից։

«Նա նշեց, որ նախ պետք է հնարավորին չափով շինարարական ծրագրերը հանել կենտրոնից։ Ոնց որ թե այդ տենդենցը նկատվում է, կառուցապատողները հասկացան, որ քաղաքի կենտրոնը գերզբաղված է, արդեն էլ տեղ չկա։ Ինչպես նաև հողատարածք վաճառելուց պետք է նաև սցենար տրվի, թե կառուցապատողն այդ տարածքում ինչ կարող է անել, դա չկա։ Ժամանակին Երիտասարդական պալատի սեփականատիրոջն պետք է ասեին,որ ելնելով ժամանակակից նորմերից՝ պահպաներ շենքի իմիջը»,- ասաց Մեսչյանը։

Ասուլիսի ընթացքում Արթուր Մեսչյանը խոսեց նաև Նարեկ Սարգսյանի քաղաքականությունից։

«Մի հետաքրքիր բան ասեմ. հաճախ եմ լսում, որ բոլորը բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց այդ բողոքողների 90 տոկոսը երեկոյան քայլում է այդ փողոցում: Եկեք ազնիվ լինենք՝ Հյուսիսային պողոտան այսօր դարձել է Երևանի ամենասիրված վայրերից մեկը: Այնինչ, Նարեկ Սարգսյանի դեմ առաջին մեծ լարվածությունը սկսվել է այս պողոտայի կառուցումից: Հանրության բողոքը հասկանալի կլիներ, եթե հիմա այդ փողոցում ոչ ոք չքայլեր», - նշեց Արթուր Մեսչյանը:

Ճարտարապետը հիշեցրեց, որ երբ ինքը կարճ ժամանակով դարձավ Երևանի գլխավոր ճարտարապետ, հրահանգ տրվեց այժմյան Հյուսիսային պողոտայի բոլոր հողատարածքները՝ այդ թվում տները, վաճառել.

«Այդ գործընթացը սկսվել էր, բայց ես այն կանգնեցրեցի: Այն ժամանակվա քաղաքապետ Վանո Սիրադեղյանին ասացի՝ չի կարելի քաղաքի կենտրոնում ամենակարևոր ստրատեգիական գիծը առանց նախագծի, առանց բիզնես պլանի դնել աճուրդի և հողատարածքներ վաճառել: Եթե հիշում եք, այդ ժամանակ Աբովյան փողոցի վրա կազինոներ էին, որոնցից յուրաքանչյուրն իր լայնքով հայտնվել էր Հյուսիսային պողոտայի առանցքում: Միակ բանն, ինչ կարողացա անել իմ կարճաժամկետ պաշտոնավարման ընթացքում, այդ հողատարածքների վաճառքի կասեցումն էր: Նարեկ Սարգսյանը կարողացավ կազմավորել այն բիզնես պլանը, հավաքել կառուցապատողների այն ցանկը, որոնց շնորհիվ կառուցվեց այդ փողոցը: Ի դեպ, դա շատ բարդ գործ է: Հիմա մեկը կհավանի այդ ճարտարապետությունը, մյուսը՝ ոչ, դա այլ հարց է, բայց ոչ ոք չի կարող հերքել, որ այդ պողոտան այսօր ամենամարդաշատն է»։

Նա հավելեց, որ ինքը որևէ նախագիծ Երևանի սահմաններում չի անելու, քանի որ դա բերում է բարդությունների.

«Եթե գլխավոր ճարտարապետը ցանկություն ունի զբաղվել ճարտարապետությամբ, ապա կարող է անել այնպիսի հսկայածավալ նախագծեր, որը ոչ ոք չի կարող անել: Ներեցեք, բայց ամեն ինչ իր ձեռքում է, ինքն է որոշում: Ու որպեսզի վերանա այս խոսակցությունը, հայտարարում եմ՝ ոչ մի նախագծային աշխատանք մայրաքաղաքում չեմ ձեռնարկելու: Այս կերպ ուզում եմ նաև ազնիվ լինել իմ կոլեգաների՝ ճարտարապետների առջև, ովքեր կիմանան, որ չեմ չարաշահելու սեփական հնարավորություններս»։