«Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նա հիշեցնում է, որ ազատազրման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են ըստ բնակության վայրի հաշվառումից և անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով: Ըստ այդմ, վերջինիս տվյալները չեն ընդգրկվում ընտրողների ցուցակում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ից ուժի մեջ է մտել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը։ Համաներումը տարածվելու է 6500 շահառուի վրա։