Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերին, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՍԴՀԿ դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման գործում և հույս հայտնել, որ ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները նոր ազդակ կհաղորդեն Սփյուռքի և սփյուռքահայ քաղաքական կառույցների հետ հարաբերություններին:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները և ընդգծել, որ ՍԴՀԿ-ն անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդավարական, իրավական պետության կառուցման, տնտեսության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք կապերի հետագա սերտացման հարցին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի զարգացման օրակարգում սփյուռքահայության մեծ ներուժի ներգրավման գործուն մեխանիզմների ձևավորումը: ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամները նշել են, որ պատրաստ են ակտիվ համագործակցել ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ: