Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել երկրի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին՝ նրան փոխարինելով նախկին դաշնային դատախազ Մեթյու Ուիթաքերով:

Ակնկալվում էր, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Սեշնսը չի մնա իր պաշտոնին, քանի որ Թրամփը խուսափում էր նրա մասին խոսելուց ու աշխատանքին դրական գնահատական տալուց: Հայտնի է, որ նախագահն ու Սեշնսը լուրջ տարաձայնություններ ունեին 2016թ. կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը վերաբերող գործով ընթացող աղմկահարույց հետաքննության շուրջ:

Թրամփը Սեշնսի պաշտոնում այնպիսի մարդու է նշանակել, որն այդ հետաքննությունը վարող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ամենասուր քննադատներից է:

Պարբերականը նկատում է, որ Ուիթաքերին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելով՝ Թրամփը ցանկանում է այնպես անել, որ գլխավոր դատախազությունը փակի «ռուսական գործով» հետաքննությունը: Ի դեպ, հետաքննության շրջանակում շուտով հարցաքննվելու է Թրամփի ավագ որդին:

Նշվում է, որ դեմոկրատները, մեկնաբանելով Սեշնսի պաշտոնանկությունը, ահազանգել են երկրում սահմանադրական ճգնաժամի մասին: