ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ առաջարկվում է այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վարչապետին է վերապահված իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը, վերապահվի կառավարությանը:

Երկրորդ հոդվածով առաջարկվում է, որ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող օդանավից ու ուղղաթիռի օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում:

Նշենք, որ նախագծի հիմնավորման մեջ ասված է.

«Հաշվի առնելով վերջին շրջանում հանրության և լրատվամիջոցների հետաքրքրությունը և հասարակական քննարկումներն այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող ինքնաթիռի և ուղղաթիռի օգտագործման շուրջ, նպատակահարմար ենք համարում ապահովել թափանցիկություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող այս ծախսերի նկատմամբ»:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գտնում է, որ այդ նախագծի ընդունումը նպատակահարմար չէ և վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնառիթի սպասարկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ իր զարմանքը հայտնեց նախագծի վերաբերյալ.

«Ուզում եմ իմ զարմանքը հայտնել: Նախագծի հեղինակը՝ Արմեն Աշոտյանը, բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումը և թափանցիկության աստիճանն ապահովելու համար, և կարծես թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ: Հատկապես Արմեն Աշոտյանի դեպքում, ով աչքի է ընկել պետական ու ազգային անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով»: