«Գազափոխադրման համակարգն ունի մեծ տարիք՝ բացառությամբ Իրան-Հայաստան գազատարի, որը գործարկվել է 2009թ-ին։ Մայրուղային գազատարների 71 տոկոսը շահագործվում է ավելի քան 30 տարի, ընդ որում՝ 200 կիլոմետրը՝ ավելի քան 50 տարի»,- Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր ասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Նրա խոսքով, ՀՀ գազափոխադրման համակարգը նախագծված էր 54 մթնոլորտ ճնշման համար, և 90-ականների սկզբին փոխադրվում էր շուրջ 6 միլիարդ խորանարդ մետր գազ։

«Ներկայումս մայրուղային գազատարների գծային մասի բոլոր հատվածներն աշխատում են իջեցված, մինչև առավելագույնը 25 մթնոլորտ աշխատանքային ճնշմամբ։ Սակայն ճնշման հաջորդ իջեցումը, ըստ բանախոսի, բերելու է ՀՀ գազամատակարարման հուսանելիության լուրջ խնդիրների։ Ճնշման սահմանափակման պատճառներն են աճող կորոզիոն պրոցեսները, մեծաքանակ խափանումները, ամբավարար տեխնիկական վիճակը, ինչպես նաև շահագործման մեծ ժամկետները։

Ինչ վերաբերում է Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանին, ապա դրա կառուցումը սկսվել է դեռևս 1962թ-ին։ Թվով 6 գազահորերի շինարարությունն ավարտվել է 1972թ-ին, ընդ որում՝ առաջին գազահորը շահագործման է հանձնվել 50 տարի առաջ։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ընկերության ներդրումային ծրագրերում նախատեսված ներդրումները մինչև այժմ ուղղված են եղել գոյություն ունեցող համակարգի պահպանմանը, մաշված ակտիվների՝ նորերով փոխարինմանը»,- ասել է բանախոսը։

Հրանտ Թադևոսյանը նշել է, որ արդյունքում, Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորման հնարավոր ծավալը 78 միլիոն մետր խորանարդից հասցվել է 162 միլիոն մետր խորանարդի։ Գազասպառողների թիվը 2001թ-ի 133 հազարի դիմաց 2017թ-ին հասցվել է 706 հազարի։

«Գազաբաշխման ցանցի ընդլայնման արդյունքում ներկայումս Հայաստանի ողջ տարածքում գործում է 375 ավտոգազալիցքավորման կայան, որոնց կողմից գազասպառումը 2012թ-ի 21 միլիոն մետր խորանարդից 2017թ-ին հասել է շուրջ 480 միլիոն մետր խորանարդի»,- նշել է նա։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը տեղեկացրել է, որ արդիականացման ծրագրերի շրջանակներում՝ նախատեսվում է շուրջ 40 կմ նոր մայրուղային գազատարների կառուցում, շուրջ 700 կմ մայրուղային գազատարների հիմնանորոգում, գազաբաշխման ցանցի շուրջ 650 կմ գազատարների կապիտալ նորոգում, ինչպես նաև Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի թվով 7 գազահորերի վերականգնում և նոր ճնշակայանի կառուցում, ինչի արդյունքում վթարների դեպքում հնարավոր կլինի Հայաստանում ապահովել մինչև 30 օր գազամատակարարում։

«Կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է շուրջ 480 միլիոն դոլար։ Դա նախատեսված է մինչև 2030թ»,- նշել է Հրանտ Թադևոսյանը։