«Համոզված եմ, որ մենք ռեզերվներ ունենք գազի սակագին սահմանելու՝ առանց ընդհանուր բալանսը խախտելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Նա շեշտեց, որ կարելի է ունենալ ոչ թե երկու սակագին՝ մինչև 10 հազար խորանարդ մետր և 10 հազար խորանարդ մետրից հետո, այլ ունենանք մեկ սակագին՝ մինչև 1000 խմ, 1000-5000 խորանարդ մետր և այդպես շարունակ։

«Մենք պետք է գնանք կոմպրոմիսի, որ ռիսկը չդրվի բնակչի վրա, որոշակի ռիսկ ունենա նաև «Գազպրոմը»։ 2017թ-ի հունվարի 1-ից այն ժամանակվա կառավարությունը որոշ սուբյեկտնրի համար գազի գինը իջեցրեց 100 դրամի, բայց դա արդյունքում չաշխատեց, քանի որ ջերմոցատերերը չստացան մատչելի վարկեր, աջակցող քաղաքականություն, ապրանքների իրացման լոգիստիկ համակարգ»,- հիշեցրեց պատգամավորը։

Անդրադառնալով գազի կորուստներին՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ Վրաստանի հետ սահմանին առկա խնդրի լուծման դեպքում կորուստներն առնվազն 1 տոկոս կկրճատվեն:

«Պետք է լինեն նաև քաղաքական համաձայնություններ սահմանին գնի վերաբերյալ, որն արդեն լրջագույն, բարձրագույն խնդիր է»,- ասաց պատգամավորը։