Գյումրիի երկրագիտական թանգարանի նախագծման բոլոր աշխատանքների ծախսերը կստանձնի «Երևան, իմ սեր» հիմնադրամը: Այդ մասին Գյումրիում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նա նաև «Երևան, իմ սեր» հիմնադրամի միջազգային խորհրդի նախագահն է:

Նախագահը շրջել է ապագա թանգարանի տարածքում, որտեղ նախկինում տեղակայված է եղել Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը: Թանգարանային չափանիշներին համապատասխանելու համար շենքը հիմնավոր վերանորոգման կարիք ունի, ինչին խոստացել է աջակցել նախագահ Սարգսյանը:

«Հավանաբար կարիք կունենանք հիմնադրել նոր բարեգործական կազմակերպություն, որի անունը կլինի «Գյումրի, իմ սեր»,- ասել է նախագահը:

«Երևան իմ սեր» հիմնադրամը ստեղծվել է 2009թ-ին: ՀՀ նախագահը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: «Երևան իմ սեր» հիմնադրամի գործունեությունն ուղղված է Երևանի ճարտարապետական մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը: Հիմնադրամը նպատակ է հետապնդում պահպանել և վերականգնել Երևանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը, հարմարեցնել դրանք նոր և լուսավոր նպատակների և կրկին կիրառելի դարձնելով դրանք' բարելավել հաշմանդամ երեխաների, երիտասարդների և անապահով ընտանիքների կենսապայմանները և կյանքի որակը: