Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:

«Կոլիզիա է առաջացել կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, ով կազմակերպության գլխավոր քարտուղարն էր, հետ է կանչվել: Ըստ կանոնադրության, Հայաստանին հաջորդում է Բելառուսը»,- ասել է Նազարբաևն Աստանայում լրագրողներին ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներն ասել են, որ կազմակերպությանը գործող գլխավոր քարտուղար է հարկավոր բելառուսական կողմից: Այդ հարցը մենք կորոշենք դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Նազարբաևը:

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը, ինչպես նաև ԵՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովները:Գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը: