ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մասնակցությամբ տրվել է Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնի շահագործման մեկնարկը։

Վանաձորի ԲԿ հիվանդանոցային մասնաշենքը կառուցվել է քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ծննդատան մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, հագեցվել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ուղղակի վերահսկողության ներքո:

Բժշկական կենտրոնը Լոռու մարզի մոտ 220,000, և մասնավորապես՝ Վանաձորի 79,000 բնակչին հնարավորություն կտա տեղում` իրենց բնակավայրին մոտ երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայություններ ստանալ:

Թորոսյանը նշել է, որ նախարարության գերնպատակն է համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում, և սա հերթական քայլն է, որ որակյալ բուժօգնությունը հասանելի ու մատչելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:

Կենտրոնը բաղկացած է երկու մասնաշենքից՝ հիմնական (150 մահճակալ) և ծննդատան (40 մահճակալ), ընդհանուր ունի 190 մահճակալ։ Կգործի անգիոգրաֆիայի բաժանմունքը` ժամանակակից անգիոգրաֆիկ սարքով, ինչը հնարավորություն է կտա իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բժշկական միջամտություններ, նաև իրականացնելու ներերակային լազերային կոագուլացիա՝ վարիկոզ հիվանդության ու սուր թրոմբոֆլեբիտների բուժման նպատակով, որը քիչ տրավմատիկ է և ապահովում է հիվանդների արագ վերականգնումը: Առկա է նաև համակարգչային շերտագրման սարք, էլեկտրանեյրոմիոգրաֆ, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական և ստացիոնար սարքեր, նորածինների սիպապ: Ամբողջովին արդիականացվել է հեմոդիալիզի բաժանմունքը՝ տրամադրվել են հեմոդիալիզի 15 սարք և ջրի մաքրման կայան:

Իրականացված ընդհանուր ներդրումները կազմել են 6,64 մլն դրամ: