Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարիտրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն՝ սահմանելով երկամարտի և հրում վարժության աշխարհի ռեկորդ:

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 195 կգ ծանրաձողը բարձրացրեց՝ զիջելով միայն չինացի Յանգ Ժիին, ով պոկեց 196 կիլոգրամ: Ի դեպ, Սիմոն Մարտիրոսյանը կարող էր նաև այս վարժությունում աշխարհի ռեկորդ սահմանել, նա գլխավերևում պահեց 197 կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն մրցավարները չհաշվեցին այդ մոտեցումը: Պոկում վարժությունում փոքր բրոնզ նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոդիոն Բոչկովը՝ 190 կգ արդյունքով:

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս էր, նա նախ 230 կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացրեց, ապա գլխավերևում պահեց 240 կիլոգրամը՝ սահմանելով և՛ երկամարտի (435) և՛ հրում վարժությունում աշխարհի ռեկորդ: Երրորդ մոտեցումից հայ ծանրորդը հրաժարվեց: Հրում վարժությունում երկրորդը լեհ Արկադիուշ Միխալսկին էր (228 կգ), իսկ երրորդը Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2016թ. օլիմպիական չեմպիոն Ռուսլան Նուրուդինովը (227 կգ), ով 0 էր գրանցել պոկում վարժությունում:

Ինչպես արդեն նշեցինք, երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, փոխչեմպիոնի կոչումը 419 կգ-ով նվաճեց չինացի Յանգ Ժին, իսկ բրոնզե մեդալին արժանացավ լեհ Արկադիուշ Միխալսկին՝ 403 կգ արդյունքով:

21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը առաջին անգամ է աշխարհի մեծահասակների առաջնությունում նվաճում չեմպիոնի տիտղոսը: Մի քանի օր առաջ նա նաև դարձել էր Եվրոպայի երիտասարդական առաջնության, 2016 և 2017թթ-ին աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2016թ. հռչակվել էր օլիմպիական փոխչեմպիոն, ինչպես նաև 2014թ. աշխարհի պատանեկան առաջնության հաղթող:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից միայն Սիմոն Մարտիրոսյանին է հաջողվել երկամարտի արդյունքով մրցանակային տեղ գրավել: Թերևս կարելի է նշել նաև 89 կգ քաշային կարգում հանդես եկող Հակոբ Մկրտչյանին, ով փոքր արծաթե մեդալ էր նվաճել հրում վարժությունում՝ գլխավերևում պահելով 205 կիլոգրամանոց ծանրաձողը, սակայն երկամարտում զբաղեցրել էր ընդամենը 7-րդ հորիզոնականը՝ 365 կգ արդյունքով:

Վաղը՝ նոյեմբերի 10-ին, մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը կներկայացնի 24-ամյա Գոռ Մինասյանը: