Երևանում ընթացող ապօրինի շինարարությունը միանգամից պետք է դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակազմին ներկայացնելով վարչության նորանշանակ պետ Ռոբերտ Դարբինյանին:

Հայկ Մարությանը վստահեցրել է՝ Երևանի քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը կանգնած են ոլորտը կանոնակարգող բոլոր պատասխանատուների կողքին:

«Եթե ապօրինի շինարարություն է և փաստաթուղթ չունի, միանգամից պետք է դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների: Ով էլ ձեզ ասի՝ ես կզանգեմ, կասեմ քաղաքապետին կամ գլխավոր ճարտարապետին, չկա՛ այդպիսի բան, այդպիսի մարդ գոյություն չունի, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որ կզանգահարի ինձ և կասի՝ այս ապօրինի շինարարությունը թող լինի: Ես ձեզ վստահեցնում եմ: Ով այդպիսի բան ասի, իմացեք, որ ստում է: Ուզում եմ, որ դուք դրանով լինեք ուժեղ, լինեք վստահ, որ ձեր թիկունքում ոչ մի գործ չի արվելու, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու ապօրինի շինարարություն իրականացնողների հետ: Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ»,- ասել է քաղաքապետը:

Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ ոլորտն այսուհետև ամբողջովին համակարգելու է Երևանի գլխավոր ճարտարապետը: Վարչության աշխատակիցներից քաղաքապետի պահանջը հստակ է. պետք է նոր որակ հաղորդել աշխատանքներին ու արագորեն արձագանքել ցանկացած ապօրինության, կանխել այն: Դրան զուգահեռ մայրաքաղաքում պարզեցվելու և հեշտացվելու է շինթույլտվության գործընթացը, հայտնում է լրատվական ծառայությունը:

«Մենք կառուցում ենք նորմալ քաղաք, ձևավորում ենք նորմալ հասարակություն և պետություն: Մեր քաղաքի զարգացումն ու կառուցապատումը պետք է լինի միայն օրինական, միևնույն ժամանակ մարդկանց կարող եք իրազեկել, որ մենք շատ դյուրացնելու ենք օրինական ճանապարհով շինարարություն կատարելը»,- նշել է քաղաքապետը: