ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի թիվ 4 ընտրատարածքում և լինելու է ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։ Արմեն Աշոտյանի գրառման մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայտնում եմ ձեզ, որ պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին և առաջադրվելու որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։

Միաժամանակ լինելու եմ նաև ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։

Վստահ եմ, որ նոր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմում իմ գիտելիքները, փորձը, սկզբունքայնությունը և վճռականությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին և ժողովրդին։

Այս տարիների ընթացքում ձեռքբերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս, թիմիս անդավաճան մնալու հաստատակամությունը, Հայաստանի ազգային շահերը դրսում անմնացորդ հետապնդելու ծառայությունը, կրթության բնագավառում իրականացված և քաղաքական խիզախություն պահանջող բարեփոխումները ինձ տալիս են այս ամրությունը՝ դիմելու ձեզ և ապավինելու մեր քաղաքացիների վստահությանը։

Շնորհակալ կլինեմ ցանկացած աջակցության համար»,- ասվում է գրառման մեջ։