Կիրակի Քալիֆորնիայի հյուսիսում և հարավում շարունակում էին մոլեգնել բնական հրդեհները: Փաստացի չի հաջողվում զսպել կրակը: Օդերևութաբանները, միաժամանակ, կանխատեսում են ուժգին քամիներ և չոր եղանակ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Զոհվածների թիվը 30-ից անցել է և, հավանաբար, կաճի, երբ փրկարարները հասնեն ընդարձակ շրջաններին, որոնցից այրված ավերակներ են մնացել: Հազարավոր մարդիկ տարհանվել են՝ իրենց հետ վերցնելով միայն ամենաանհրաժեշտ իրերը:

Իշխանությունների հաղորդմամբ՝ քալիֆորնիական բնական հրդեհներից մեկը տեղայնացվել է միայն 20 տոկոսով:
Քալիֆորնիայի հարավում «Վուլսի» ու «Հիլլ» և հյուսիսում «Քեմփ» հրդեհները բռնկվել են նոյեմբերի 8-ին և մինչ օրս շարունակվում են չոր եղանակի ու քամու պատճառով: Իշխանությունների ներկայացուցիչներն ասում են, որ «Քեմփ» հրդեհը դարձել է նահանգի պատմության մեջ ամենակործանարար բնական հրդեհը և երրորդը զոհվածների թվով: