ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու առաջադրվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Առաջիկա օրերին ես տեղափոխվում եմ Սյունիք և հասանելի եմ լինելու ձեզանից յուրաքանչյուրի համար, ինչպես հասանելի եմ եղել միշտ, պատրաստ եմ լսել բոլորիդ խնդիրներն ու առաջարկները և ներկայացնելու եմ այն ծրագիրը, որը վստահաբար արժանանալու է ձեզանից յուրաքանչյուրի հավանությանը։ Ինձ մեկ բան է պետք՝ ձեր վստահությունը և մենք միասին մեր երկրում տեղի ունեցած այս լուսավոր հեղափոխությունը դարձնելու ենք այլևս անշրջելի՝ սկսելով հեղափոխության նոր փուլը՝ տնտեսական բարեփոխումների և ներդրումների փուլը»,- նշել է նա:

Անդրադառնալով հենց Սյունիքում առաջադրվելու պատճառներին՝ Զոհրաբյանը գրել է.

«Ինչո՞ւ, որովհետև քաղաքական գործիչը, իմ վստահ համոզմամբ, վստահություն պիտի ունենա մեր հանրապետության ցանկացած հատվածում, յուրաքանչյուր մարզում, քաղաքում և գյուղում և ոչ թե միայն այն փողոցներում, որտեղ ինքը տվյալ պահին ապրում է։Եվս մեկ պատճառ, որ որոշել եմ առաջադրվել հատկապես այդ ընտրական տարածքից։ Իմ ծնողները Սյունիքից են, և իմ արմատները ինձ համար անչափ կարևոր ու սիրելի են»։

Նա հավելել է, որ իր կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ներկայացնում է լուրջ տնտեսական ծրագիր, որը, երկրում հիմք է դնելու տնտեսական լուրջ բարեփոխումների՝ ներգավելով օտարերկրյա հսկայածավալ ներդրումներ։

«Ես վստահեցնում եմ ձեզ՝ մենք ունենք Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համար ներդրումային լուրջ փաթեթներ, որոնք լուծելու են այդ մարզերի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ արժանապատիվ աշխատանքի խնդիրը, որպեսզի ձեր հայրերն ու ամուսինները, ձեր որդիները չմտածեն արտագաղթի և դրսում փող աշխատելու մասին»,- ասվում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մեջ։