Ուկրաինայի արևելքում անջատողականների կողմից Ռուսաստանի աջակցությամբ անցկացված ընտրությունները Ֆրանսիան և Գերմանիան անվանել են «ապօրինի և ոչ լեգիտիմ»՝ այդպիսով միանալով միջազգային քննադատությանը:

Պաշտոնական Կիևը և նրա կողմնակից միջազգային հանրությունը հայտարարել են, որ անջատողականների կողմից վերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում նոյեմբերի 11-ին անցկացված քվեարկությունը խոչընդոտում է 2014թ-ի ապրիլից սկսված և ավելի քան 10 հազար 300 մարդու կյանք խլած հակամարտության լուծման ջանքերը:

Դոնեցկում նախագահական ընտրություններում առաջադրվել է հինգ թեկնածու, Լուգանսկում՝ չորս, ֆավորիտները համարվում են անջատականների գործող առաջնորդները` Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասենչիկը: Ինքնահռչակ հանրապետություններում նաև խորհրդարաններ են ընտրում:

Կիևը պնդում է, որ ընտրություններն ապօրինի են, և քրեական գործ է հարուցել քվեարկության կազմակերպիչների դեմ՝ «երկրի տարածքային ամբողջականությունը և անձեռնմխելիությունը խախտելու» մեղադրանքով, որի համար նախատեսված է ցմահ ազատազրկում։

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները դատապարտել են այս ընտրությունները և հայտարարել, որ չեն ընդունում դրանց արդյունքները։

Սակայն Ռուսաստանը պնդում է, որ այդ ընտրությունները չեն խախտում Մինսկի համաձայնագրերը` ուղղված հակամարտության դադարեցմանը: