Արցախցի երիտասարդ այգեգործ Արեն Խաչատրյանն արդեն 7 տարի է, ինչ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Վերջին 3 տարիների ընթացքում նա սկսել է զբաղվել նաև նռան տնկիների աճեցմամբ, որոնց քանակն այսօր այնքան է շատացել, որ հնարավորություն է տալիս նաև հանել վաճառքի:

Լրագրողի հետ զրույցում Արեն Խաչատրյանն ասել է, որ առաջին տարում վաճառել է ընդամենը 1000 արմատական տնկի:

«Երկրորդ տարում այդ թիվը հասել է 5000-ի: ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ այսօր արդեն վաճառքի ենթակա ունեմ շուրջ 115 հազար տնկիներ: Կարծում եմ՝ պետական աջակցությունը երիտասարդ գյուղատնտեսին հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնելու գործունեությունը և նոր հողատարածքներ մշակելու»,- նշել է Ա. Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ տնկիների հիմնական վաճառքը սկսվում է նոյեմբերի վերջից և շարունակվում մինչև ապրիլ:

Ի դեպ, երիտասարդ գյուղատնտեսը զբաղվում է նաև մի շարք այլ մրգերի աճեցմամբ, մասնավորապես՝ 14.5 նռան, 1.5 խաղողի այգիներից զատ, մշակում է նաև 3 հա տարբեր պտղատու ծառեր՝ թուզ, սերկևիլ, դեղձ, խնձոր, արքայանարիջ, տանձ, բալ, կեռաս:

«Այս տարի իրականացրել ենք նաև 35 հա արևածաղկի, ինչպես նաև 10 հա հնդկաձավարի և 25 հա ցորենի մշակություն: Կարծում եմ՝ գյուղատնտեսության զարգացման համար թերևս ամենակարևորը բարենպաստ բնակլիմայական պայմաններն են, ինչը Արցախի պարագայում արդեն կա»,- ավելացրել է Ա. Խաչատրյանը: