Հանրային հեռուստաընկերությունում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Առաջիկայում «Լուրեր» լրատվականը նոր տնօրեն կունենա:

Վահագն Թևոսյանը, որ չորս ամիս առաջ էր նշանակվել «Լուրերի» ղեկավար, նոյեմբերի 14-ին կմեկնի արձակուրդ և, ըստ որոշ աղբյուրների, 99 տոկոս հավանականությամբ չի վերադառնա: Բանն այն է, որ Վահագն Թևոսյանը «ՔՊ» ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, ամենայն հավանականությամբ՝ ցուցակի անցողիկ համարում:

«Լուրեր»-ի նոր տնօրենի երկու թեկնածություն կա: Շրջանառվում է Պետրոս Ղազարյանի անունը, որն օրերս է «Կենտրոն»-ից տեղափոխվել Հ1, և մի թեկնածություն էլ «Ազատություն» ռադիոկայանից է: Թե ում մասին է խոսքը՝ դեռ չգիտեն: Վերջին տասը տարում հինգ տնօրեն փոխած լրատվականի աշխատակազմը նախկին տնօրեններից առանձնացնում է Գևորգ Ալթունյանին։ «Հաճույքով կաշխատեինք նրա հետ, եթե վերադարձնեին»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։