ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ռազմական, պետական գործիչ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՊՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ ռազմական կործանիչներ ձեռք բերելու մասին հայտարարությանը:

«Պարտքս եմ համարում բարձրաձայնել, որ մեր ռազմական թատերաբեմում, ինչպես երեկ կործանիչ ավիացիան անելիք չուներ, այնպես էլ՝ այսօր չունի։ Առավել ևս, մեր օրերում՝ բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, նրա կիրառումը գրեթե դառնալու է անհնար՝ ցանկացած թատերաբեմում։

Ի դեպ, այս կարծիքին է նաև Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը»,- գրել է Աղաբեկյանը։

Նրա այս գրառմանն անդրադարձել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բազմաֆունցիոնալ օդուժի դերակատարության մասին բացասական գնահատականներ լսելը հատկապես ցավալի է ՀՀ ԶՈւ-երի նախկին ղեկավարներից, որոնք ունեն փառահեղ մարտական անցյալ, սակայն մյուս կողմից ոչ մի զարմանալի բան չկա…Կարծիքի իրավունք ունի ամեն մեկը, բայց մենք կառուցում ենք 21-րդ դարի բանակ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի պաշտոնակատարն անդրադարձել էր շվեդական կործանիչներ ձեռք բերելու առաջարկին:

Նա նշել էր, որ առկա է այլ առաջարկ այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է ու մոտ ապագայում որոշում է կայացվելու ձեռքբերումների հետ կապված: