Սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո Ստամբուլում գտնվող Մահիր Աբդուլազիզ Մութրեբ անունով Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող պաշտոնյան զանգահարել է Էր Ռիադ ու ասել․

«Ասացեք ձեր ղեկավարին, որ գործն ավարտված է»:

Նման տեղեկություն է հրապարակել The New York Times պարբերականը՝ հղում անելով թուրքական հետախուզությունում աղբյուրի:

Նշվում է, որ Մութրեբն այն 15 սաուդցիներից մեկն է, որոնք Խաշոգջիի սպանության օրը ժամանել են Ստամբուլ ու համարվում են գործով անցնող գլխավոր կասկածյալները:

Ըստ աղբյուրի՝ այս պաշտոնյան բավականին մտերիմ կապեր ունի Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ և, ամենայն հավանականությամբ, Մութրեբի զրուցակիցն արքայազնի օգնականներից մեկն է եղել:

Պարբերականի հետ զրուցած ամերիկյան հետախուզության աշխատակիցները նշել են, որ գործի մանրամասներում կարող են լինել սպանությանն արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի անմիջական մասնակցության վերաբերյալ անհերքելի փաստեր: