ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկումը:

Նիստը վարող Միքայել Մելքումյանը ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքները «Գազպրոմ Արմենիայի» հետ կնքված համաձայնագրի որոշ դրույթներով սահմանափակվել են, և հանձնաժողովը որևէ դեր չի ունեցել սակագների սահմանման ժամանակ։ Այս մասին գրում է factor.am-ը։

Հանձնաժողովին նախագահին դիտարկմանն ի պատասխան՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանն ասաց, որ հանձնաժողովի գործառույթներն այո՛ սահմանափակված են եղել, և 2018թ-ի սակագնի սահմանման ժամանակ իրենք որևէ թիվ չեն կարողացել քննարկել, քանի որ սակագինն արդեն իսկ սահմանված է եղել «Գազպրոմ Արմենիայի» ունեցած համաձայնագրով։

Միքայել Մելքումյանը հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրեց նաև մեկ այլ խնդրի վրա։

«2015թ-ի հունվարի 1-ից մինչև 2016թ-ի հուլիսի 1-ը սահմանին գազի գինը 189 դոլարիցը իջել է 165 դոլար և այդ իջեցման արդյունքում 8,9 մլրդ դրամ հասույթ է գոյացել, որը պահպանվել է «Գազպրոմ Արմենիայում»։ Փաստորեն սահմանին գինը իջել է, իսկ հասույթը պահպանվել է «Գազպրոմ Արմենիայում»։ Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ է արել «Գազպրոմն» այդ գումարի հետ»,- ասաց Մելքումյանը՝ ընդգծելով, որ արդեն իսկ ստորագրված համաձայնագրի մեջ որոշակի դրույթներ ունեն փոփոխության անհրաժեշտություն։