Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հնարավոր է, դեկտեմբերի սկզբին հանդիպեն Միլանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում նման հանդիպման հնարավորության մասին հարցին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկ՝ մինչև տարեվերջ՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Երբ հստակեցվի այդ հանդիպումը, հանրությունն անպայման կտեղեկացվի»,- նշեց ԱԳՆ խոսնակը:

Նշենք, որ դեկտեմբերի 6-7-ը իտալական Միլանում նախանշված է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 25-րդ նիստը, որին մասնակցելու է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: