ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2019թ-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է նպաստառուների վերաբերյալ իր վերջին հայտարարության հետ կապված քննադատություններին:

«Շատերը մեզ փորձում են մեղադրել, որ մենք մեր ժողովրդին մեղադրում ենք ծուլության և չաշխատելու մեջ, մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, այլ մեղադրում ենք նախորդ քաղաքական համակարգին, որ աշխատանքի փոխարեն խրախուսել են աղքատությունը: Ասել են՝ «դու ավելի լավ է մի աշխատիր, հենց աշխատես կզրկվես նպաստից»: Նպաստառուն պետք է լինի ոչ թե երեխայի աշխատունակ հայրը, որն աշխատելու պարագայում կզրկվի այդ նպաստից, այլ երեխան, որն օբյեկտիվորեն ունի սոցիալական աջակցության կարիք: Եվ կարևորն այն է, որ չդնենք պայման՝ եթե քո հայրը աշխատի, մենք կզրկենք քեզ այդ օգնությունից: Մենք ասում ենք, որ այդ օգնությունը պետք է տալ հասցեական՝ թոշակառուին, երեխային, անաշխատունակ մարդուն:

Մեր կառավարության քաղաքականությունը լինելու է աշխատանքի խրախուսումը և մեր քաղաքացիներին մենք քաջալերելու ենք, որ նրանք վեր կենան, ուղղեն իրենց մեջքը, հավատան իրենց ուժերին, որ չհամակերպվեն իրենց աղքատության ու հուսահատ վիճակի հետ և սկսեն աշխատել», - ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով իր վերջին ելույթներից մեկի վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Փաշինյանն ասել է, որ երկրում ոչ բյուջետային աշխատողների (այսինքն՝ պետական բյուջեից աշխատավարձ չստացող) թիվը 350,000 է: Այս մարդկանց վճարած աշխատավարձով են աշխատավարձ ստանում պետական աշխատողները:

«Ըստ էության, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ 350,000 մարդ իր ուսերին է կրում անվտանգության, ճանապարհների, պետական համակարգի ֆինանսավորման պարտականությունները: Մենք ասում ենք, որ պետք է լուծենք այս քաղաքացիների բազմապատկման խնդիրը», - ասել է Փաշինյանը: