ՀՀ զինվորական դատախազության 2018թ-ի 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացրած աշխատանքների արդյունքներով արձանագրվել է պետությանը պատճառված 96.1 մլն դրամի վնաս, որից վերականգնվել է 8.4 մլն դրամը:

ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բացահայտված խախտումների դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ:

ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվել է ողջամիտ ժամկետում դատարան հայց ներկայացնել պետությանը պատճառված 6.3 մլն դրամ վնասի հատուցման պահանջով։

Իրականացվել է 104 ուսումնասիրություն, այդ թվում թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և այլ ծառայությունների գծով։ Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 58 խախտում, ինչը նշանակում է, որ խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների մոտ 55% դեպքերում։

Արձանագրված և չվերականգնված վնասների մի մասի վերաբերյալ քննվում են քրեական գործեր, մյուս մասի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են կամ գտնվում են վերականգնման փուլում, որի ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։