Ազգային ժողովում շարունակվում է 2019թ-ի բյուջեի նախագծի քննարկումը։

Սեպտեմբերի վերջին կառավարությունը հավանություն տվեց օրենքի այդ նախագծին և ուղարկեց Ազգային ժողով՝ քննարկման։

Ըստ այդմ՝ Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: Համայնքների 2019-ի բյուջեները գնահատվում են ՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ:

Օրինագծով նախատեսվում է, որ Կենտրոնական բանկը 2019թ-ի ընթացքում օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երեկ ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, բյուջեի նախագիծը որակեց իներցիոն, որը հիմնված է ժառանգություն ստացած չափանիշների վրա: