Այսօր ժամը 18։00-ին լրանում է ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:

Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեռևս Հանրապետականի իշխանության օրոք ընդունված Ընտրական օրենսգրքով, իսկ դա նշանակում է, որ համամասնական ցուցակից բացի կուսակցություններն ու դաշինքները պետք է նաև իրենց տարածքային ցուցակները ներկայացնեն ԿԸՀ։

Արդեն հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը․ առաջին հորիզոնականում, ինչպես և սպասվում էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, երկրորդում՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, նրան հաջորդում են Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, մշակույթի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարներ Լիլիթ Մակունցն ու Սուրեն Պապիկյանը։ Առաջին տասնյակը եզրափակում է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը։

Հանրապետականի ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան»-ինը՝ կուսակցության ղեկավար, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանը, նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է, «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը գլխավորում է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև ՀՅ Դաշնակցությունը, «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների «Մենք» դաշինքը։

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 8-ը լռության օր է: