Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է, ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն` երեկ ընդունելով Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևությունը, որն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ` զարգացնելու երկկողմ գործընկերությունը և ներքին բարեփոխումները Հայաստանում:

Նրա խոսքով՝ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզն արդեն իսկ մշակվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից և փոխանցվել Եվրամիության քննարկմանը:

Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Հայաստանն այսօր գտնվում է պատմական փոփոխությունների շրջափուլում, իսկ բարեփոխումներն ուղղված են ժողովրդավարության, տնտեսության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի արդիականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը, խոսքի ազատության ամրապնդմանը և այլ ուղղություններին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր փոփոխությունները և բարեփոխումները հիմնված են հասարակական պահանջի վրա:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարևորել է ԵՄ-ի կողմից Հայաստանում ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը և համոզմունք հայտնել, որ դրանք նախանշված բոլոր ծրագրերը կդարձնեն ավելի արդյունավետ և առարկայական:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և վերը նշված ուղղություններով բարեփոխումները կառավարության համար համարվում են առաջնահերթություն:

Անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դրանք կարևոր նշանակություն կունենան Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար:

«Նոր խորհրդարանը և կառավարությունը կառուցված կլինեն հանրային լայն աջակցության և վստահության վրա, ինչը կօգնի ավարտին հասցնել թավշյա հեղափոխությունից սկսած գործընթացը: Շնորհակալություն եմ հայտնում ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ աջակցության համար: Մենք պատրաստվում ենք մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների բարեփոխմանն ուղղված ծրագրերին: Սակայն, ձեր օգնությունը կօգնի մեզ լրացնել գոյություն ունեցող կարողությունները, որպեսզի բարեփոխումներն ավելի արդյունավետ լինեն: Պատահական չէ, որ այսօր, երբ մենք արդեն նշանակալի առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարության ամրապնդման գործում, մեր հասարակությունը եվրոպական գործընկերներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ավելացրել է, որ Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շարժիչ ուժն է, ու մեր երկիրը պատրաստ է անել ամեն ինչ՝ փոխգործակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար: