ՀՀ կառավարությունը, կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու և կենսաթոշակների չափերի անհամաչափությունը մեղմելու նպատակով, պետական կենսաթոշակային ապահովության համակարգում կներդնի նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ: Համապատասխան որոշման նախագիծն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով սահմանվում է, որ պաշտոնատար անձանց կենսաթոշակի առավելագույն չափը չի կարող գերազանցել կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի 10-ապատիկը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ աշխատանքային կենսաթոշակների միջին չափը, 35 տարվա ստաժի միջին չափի առկայության դեպքում կազմում է 41,625 դրամ, իսկ մոտ 17,000 կենսաթոշակառու ստանում է պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կենսաթոշակ, նպատակահարմար է «Պաշտոնատար անձանցգործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ ստացողների համար սահմանել կենսաթոշակի առավելագույն չափ: