Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանն այդ պաշտոնում իրեն նախորդած Սելահաթթին Դեմիրթաշի պես կարող է հայտնվել բանտում ու զրկվել պատգամավորական մանդատից, այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:

Բուլդանին և կուսակցության 3 պատգամավորի մեղադրանք է առաջադրվել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման օգտին քարոզչությամբ զբաղվելու համար:

Թուրքիայի սահմանադրության 83-րդ կետի հիման վրա Անկարայի դատախազությունը պահանջ է ներկայացրել զրկել 4 քաղաքական գործիչներին՝ Փերվին Բուլդանին, ինչպես նաև Դերսիմից, Դիարբեքիրից ու Աղրըից ընտրված պատգամավորներ Ալիջան Օնլյուին, Իմամ Թաշչըէրին և Բերդան Օզթյուրքին, պատգամավորական մանդատից:

Պահանջն ուղարկվել է երկրի արդարադատության նախարարություն՝ ավելի ուշ խորհրդարանին ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության արդեն նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: